Մարտի 26-ն էլ ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային հանդիպումների օր էր ու հայերիս համար նշանակալի նրանով, որ մեր ազգային հավաքականը չափազանց կարևոր հանդիպում ուներ Չեխիայի ընտրանու հետ: Խաղի արդյունքով պայմանավորված` հարկավ բոլորս էլ կուզենայինք, որ մարտի 26-ը չլիներ, սակայն օրացուցային այս անմեղ օրվա մեղքը ո՞րն է, որ դժբախտություն ունեցավ սահմանակցելու մեր հավաքականի անփառունակ ելույթի հետ:
Գրեցի` անփառունակ, ու իսկույն գլխավերևումս հայտնվեց ներքին ձայնս. «Ի՞նչ ես անկապ դատողություններ անում քո սիրողական դիրքերից ու դեռ մի բան էլ ընթերցողին ապակողմնորոշում: Անհարմար է: Բարի եղիր պահպանել տարրական էթիկայի պահանջները, ականջդ կախ լսիր գործից հասկացողներին, նրանց խոսքը հնչեցրու բառացի ու առհասարակ մահվան սարսափ ունեցիր մարդկանց մտքերի հնարավոր աղավաղումից»: Ժողովուրդ ջան, ճիշտն ասած, մեջս վախ մտավ էդ անաստվածի զգուշացումից, ու որ պատմության կեղծարարների շարքին չդասվեմ` ձեռքի հետ էլ էն աշխարհում գեհենի բաժին դառնալով, որոշեցի ընտրել փաստերի լեզվով հաղորդակցվելու ձևը` սկզբնաղբյուր ունենալով «Ֆուտբոլ Plus»-ի լրագրողի հարցերն ու ազգայինի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի պատասխանները:
ՄԵՋԲԵՐՈՒՄ 1
-Հայաստանի հավաքականը հաջող հանդես չեկավ: Ի՞նչն է պատճառը:
-Դուք խաղի որակը նկատի ունե՞ք, թե՞ արդյունքը: Եթե խոսքը խաղի որակի մասին է, ապա չեմ կարծում, թե մեր թիմը վատ խաղաց: Այլ բան է, որ արդյունք չկա: Դրան համաձայն եմ:
ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ 1
Այստեղ տեղին կլինի ասել` մահից պրծանք, որովհետև Վարդան Մինասյանը, այնուամենայնիվ, համաձայնության որոշակիորեն ընդգծված տարրեր է դրսևորել, որքան էլ որ միանգամայն սրտաբուխ ու անկաշկանդ, ի խորոց սրտի թքում է խնդրի պատճառահետևանքային կապի փիլիսոփայության հանգուցային բխեցումներից մեկի վրա: Փաստորեն, ըստ նրա, 3:0 հաշվով պարտվելը հավաքականի խաղի մասին անսթափ դատողությունների հիմք չէ ու չի կարող այդպիսին հանդիսանալ, որ թիմը լավ որակի խաղ է խաղացել, պարզապես անպատասխանատու երեք գնդակ միանգամայն անբացատրելի հիմքերով, չեխերի դարպասի փոխարեն, նախընտրել են մեր հավաքականինը, «а в остальном, прекрасная маркиза, всё хорошо, всё хорошо»:
ՄԵՋԲԵՐՈՒՄ 2
-Հավաքականը 4 խաղ է անցկացրել և 3 պարտություն կրել: Շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
-Ի՞նչ շանսերի մասին է խոսքը:
ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ 2
Մենք էլ դառնանք Վարդան Մինասյան ու լրագրողին հարցնենք` իսկապես, ի՞նչ շանսերի մասին է խոսքը: Չորս խաղից երեքում պարտվելը, նախ, պարտություն չէ, այլ ամենապարզ վիճակագրություն, ուստի դա այն բանը չէ, որ մարդու աչքը կոխես և, երկրորդ, երբ մարդն այնքան բարեկիրթ է, որ հարցիդ հարցով է պատասխանում, դա բավարար չէ՞, որ նրան այլևս հարցեր չտաս. հետո՞ ինչ, որ ինքը սիրուն, «սիմպատիչնի» տղա է ու «էդ շորն էլ իրան շատ կսազե»: Լավ, շավղից դուրս չգանք, վերադառնանք մեր ոչխարներին, ասել է թե` մեր բանին, որտեղ խոսքի առանցքը մի պահ ապագային միտվելու տենդենցներ է դրսևորում Բրազիլիայի ուղեգիր ձեռք բերելու մասին լրագրողի ուղղորդիչ կոնկրետացումով: Սակայն այստեղ էլ Վարդան Մինասյանը պարզապես փայլում է, պատկերավոր ասած, շշում է. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Բրազիլիա ենք գնում: Երբևէ ինձնից նման բան լսե՞լ եք»:
Սույն խնդրում հավաքականի գլխավորը երիցս ճիշտ է: Բրազիլիայում մեր ընտրանուն տեսնելու գաղափարազուրկ ռոմանտիզմը եկեք նրա վզին չփաթաթենք: Մարդը նման բան չի ասել ու, չեմ էլ կարծում, որ երբևէ պարտավորվել է: Մարդն իր խնդիրը տեսել է հավաքականի խաղը կատարելագործելու մեջ, և սկզբունքորեն այդ ի՜նչ մի պարսավելի բան է, որ այդ խաղը չի կատարելագործվում, որ մարդու մշակած սխեմաները համառորեն չեն գործում: Վարդան Մինասյանն այստեղ մեղք չունի: Իսկ եթե ուզում եք նրան անպայման մեղավոր տեսնել, ապա այդ մեղքն այնքան է, որ այդքա՛նն է այդ մարդու հնարավորությունների սահմանը: ՈՒրի՜շ բան, որ նրա մեջ բացակայում է իր հնարավորությունների սահմանի հստակ գիտակցումը, ինչն էլ լիուլի հնարավորություն է տալիս ամբողջովին գոհ լինելու հավաքականի խաղից, հանրությանը միանգամայն անգիտակցաբար դնելու քրդի աղջկա տեղ ու, զորօրինակ, նրա գլխին «լո-լո» կարդալու «այսօրվա մրցավեճում ով առաջինը գոլ խփեր, նա էլ կհաղթեր» մեկնաբանությունով, դրան հանճարեղորեն հետևած «որովհետև խաղի ընթացքն այդպիսին էր» լրացում-բացատրությունով:
Սակայն եթե կուզեք ճիշտն իմանալ, Վարդան Մինասյանի ասածների մեջ սա էլ դեռ ոչինչ է: Իր ճիշտն ապացուցելու համար լրագրողին նա հրամցնում է հետևյալ առարկայական օրինակը. «Եթե Դուք նկատել եք, Չեխիա-Դանիա հանդիպումն էլ այդ սցենարով ընթացավ: Դանիացիներն առաջինը գոլ խփեցին, որը հոգեբանական առավելություն տվեց նրանց»:
Կարծում եմ` շատ չեք նեղանա, եթե Վարդան Մինասյանի օրինակով այստեղ մի օրինակ էլ ես բերեմ: Օրեր առաջ Բրազիլիա-Իտալիա ընկերական խաղում բրազիլացիները ոչ միայն առաջինը առաջին գոլը, այլև առաջինը երկրորդ գոլը խփեցին, սակայն դա իտալացիներին չխանգարեց 2:0 հաշվով պարտության պայմաններում հանդիպումը ոչ-ոքի ավարտելու:
Բան ասացի՞ք, թե՞ ինձ թվաց:
Անկեղծ ասած` չգիտեմ Դուք ոնց, սակայն ես իսկապես հոգնեցի ազգայինի գլխավորի բացատրությունները մեջբերելուց, որոնք չեմ էլ կողմնորոշվում ինչ բառով բնութագրեմ, որ շատ կոպիտ չհնչի: Հետևաբար, կոռեկտության մեջ մնալու համար, դադարեցնեմ այդ հիշատակումները, քանզի դրանցից մարդուս նյարդերն են միայն ու միայն քայքայվում, թե չէ կհասնեմ կենտրոնական պաշտպանների խաղին նրա տված «շատ լավ» գնահատականին ու կինքնաինֆարկտահարվեմ:
Պիտի որ հիշեք` խաղից առաջ Միխալ Բիլեկն ասել էր, որ հաղթականից զատ այլ ելքի պայմաններում հրաժարական կտա: Ի դեպ, Չեխիայի ընտրանու գլխավորը թիմի հաղթական խաղից հետո էլ իր հետագայի առնչությամբ չի շտապել հստակեցումներ մտցնել: Ճիշտ հասկացեք. ես Վարդան Մինասյանի հրաժարականը չեմ ուզում ու դա ոչ միայն նրա համար, որ միայն իմ ուզելը քիչ է: Ես ընդամենն ասում եմ, որ Հենրիկ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Մարկոս Պիզելիի, Արաս Օզբիլիսի նման ֆուտբոլիստներ ունեցող թիմն իրավունք չունի նման անպատվաբեր մրցելույթներ ունենալու, դրանք շարան անելու և ժողովրդի վզով գցելու` ինչ է թե մի երկու աֆրիկյան երկրում ես եղել ու տեղաբնակների պարանոցին հուլունքներ ես տեսել ու դա քեզ դուր է եկել: Ախր դրանք տարբեր բաներ են:
Մարտի 26-ին եղածը խոսում է թիմի` գլուխ չունենալու մասին, որը, վախենում եմ, իրականում շատ ավելի խորքային շերտեր ունի ու ձգվում-հասնում է ֆուտբոլի ֆեդերացիա` աջ ու ահյակ իր պիտակավորումները հնչեցնող նախագահով` սա հայ չէ, նա քուրդ է, էն մյուսը թուրք է, իր խամաճիկ լրագրողիկներով, լղոզված հեռուստահաղորդումներով, որոնցից մեկում ինչ է թե տղաների եռյակից մեկը կառավարելիի սահմանից դուրս մի փոքր ավելի քննադատություն հնչեցրեց` քիչ էր մնում մյուս երկուսը խեղճի գլխին 37 թվի դատավճիռ կարդային:
Մեկ անգամ չէ, որ ասել եմ ու էլի ասում եմ` պարտվելն ամոթ չէ: Ամոթը պարտությունից դասեր չքաղելն է: Համարյա թե Ավարայր կարող է հիշեցնել, բայց դե պիտի ասեմ` պարտվելիս էլ բարոյականություն պիտի ունենալ: Չէ՞ որ չկոտրվեցինք, երբ թուրքերն այստեղ մեզ 2:0 հաշվով հաղթեցին: Խաղացինք, չէ՞: Կռիվ տվեցինք, չէ՞: Չթողեցինք, չէ՞, որ մերկ ձեռքերով մեզ վերցնեն, բայց որքան լակոտավարի մեզ պահեցինք ռուսների հետ խաղում, երբ նախահանդիպումային ողջ ամիսը խոսում էինք հաղթելուց (ավելի քան համոզված եմ` ոչ թե հաղթելու էինք, այլ գզելու էինք ու արևին էինք փռելու) ու այդ հաղթական կամքը խաղից երկու օր առաջ ոմն մեկի ձեռքով սահունորեն փոխվեց «Հաղթում է եղբայրությունը» կարգախոսի, ինչ է թե` մեր ձեռքերով Եվրոպա հանած Ռուսաստանի հավաքականն ու նրա բոսերը հեռուստատեսությամբ հնչեցնեին «Спасибо, братцы-армяне» պարապ խոսքերը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բոլորիս երեխան է: Որպես ծնող, պարտավորված ենք նրան պահել, փայել, փայփայել, ու եթե հիվանդացել է կամ հիվանդ է, ոչ թե պետք է անմիտ ձևով այդ հիվանդությունը թաքցնել, այլ բժշկին ցույց տալ, բժշկել: Հայաստանի ազգայինը հանուրիս հարստությունն ու հպարտությունն է, և այն գրդոնի միջոց դիտելը ոչ թե պարզապես սրիկայություն է, այլ քրեորեն պատժելի հանցագործություն: Բացեք Facebook-ը ու կարդացեք, թե այնտեղ ինչեր են գրվում: Ինչ խոսք, ամեն ինչի հետ չէ, որ համամիտ եմ ու մարդկանց վաստակն էլ չպիտի մոռանալ, բայց երբ կուրությունը դառնում է անսխալականության գիտակցում, երբ մարդը սկսում է համառել իր սխալի վրա, դա արդեն մի այնպիսի հիվանդություն է, երբ պարզապես պահանջված է դառնում նշտարը գործի դնելը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- Հիմա կասեք` բա ո՞ւր մնաց խաղի խոստացած վերլուծությունը: Այսքանից հետո էլ ի՞նչ սարի սմբուլ: Թողեք մեր յուղով տապակվենք: